Արմավիրի մարզից 60 երեխա կմասնակցի «Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրին

· Արմավիրի մարզ

Արմավիրի մարզից  60 երեխա կմասնակցի «Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրին

Արմավիրի մարզից ընտրված 60 երեխա կմասնակցի «Իմ քայլը» հիմնադրամի «Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի չորրորդ փուլին։

Ծրագրի մեկնարկին ընդառաջ Արմավիրի մարզպետի աշխատակազմում հանդիպում է անցկացվել մասնակիցների և նրանց ծնողների հետ։

Նշենք, որ մասնակից երեխաների շարադրությունները նախապես դիտարկվել և ընտրվել էին հիմնադրամի աշխատակիցների ու ծրագրի գործընկերների կողմից։

Հանդիպմանը հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը, ծրագրի ղեկավար Անի Թովմասյանը և մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանը ներկայացրել են ծրագրի նպատակներն ու առաջիկա քայլերը, ինչպես նաև քննարկել կազմակերպչական հարցերը։

Ծրագիրն իրականացվում է Արմավիրի մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ:

Առաջիկա շաբաթներին երեխաները կայցելեն Հայաստանի մշակութային տարբեր հաստատություններ՝ ծանոթանալով ազգային և միջազգային մշակութային ժառանգությանը։ Այցերը կուղեկցվեն նաև կրթական բաղադրիչով, իսկ ծրագրի արդյունավետությունը գնահատելու համար մասնակիցները կլրացնեն հարցաթերթիկներ։

Հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը, դիմելով ծնողներին, շեշտել է ծրագրի կրթական նշանակությունը՝ ընդգծելով, որ կրթությունը ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի և «Իմ քայլը» հիմնադրամի բոլոր ծրագրերի առաջնահերթություններից է։ Նա ծնողներին կոչ է արել հետևողական լինել ծրագրի ընթացքին՝ ընդգծելով, որ այն պարզապես այցելությունների շարք չէ։

Ծրագրի պաշտոնական բացումը և առաջին մշակութային այցը նախատեսված են սեպտեմբերի 12-ին՝ Հայաստանի ազգային պատկերասրահում։