«Համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ-ում տրվեց 2026-2027 ուսումնական տարվա մեկնարկը

Սեպտեմբերի 7-ին Վաղարշապատի համայնքապետարանի «Համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ-ում տեղի ունեցավ 2026-2027 ուսումնական տարվա մեկնարկին նվիրված հանդիսավոր արարողությունը։
Միջոցառմանը մասնակցեցին Վաղարշապատ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը, համայնքի ղեկավարի խորհրդական Նարեկ Խաչատրյանը, «Համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրեն Գոռ Աբգարյանը, մարզիչներ, աշխատակազմի անդամներ, մարզիկներ և քաղաքացիներ։
Բացման խոսքում համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը ողջունեց մարզադպրոցի սաներին և մարզիչներին՝ ընդգծելով, որ Վաղարշապատի մարզական ընտանիքը տարեցտարի գրանցում է նոր հաջողություններ և դառնում է երբեմնի հզոր սպաորտային Վաղարշապատը։
Հանդիսավոր արարողության ընթացքում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության, Վաղարշապատ համայնքի և Օլիմպիական դրոշների բարձրացման արարողությունը։
Հայաստանի Հանրապետության դրոշը բարձրացնելու պատիվը տրվեց Եվրոպայի մեծահասակների առաջնության փոխչեմպիոն, Եվրոպայի չեմպիոն Սուրեն Աղաջանյանին։
Վաղարշապատ համայնքի դրոշը բարձրացնելու պատիվը տրվեց Եվրոպայի մեծահասակների առաջնության բրոնզե մեդալակիր, երիտասարդների աշխարհի չեմպիոն, 2025 թվականի Հայաստանի լավագույն երիտասարդ մարզիկ Գասպար Տերտերյանին։
Օլիմպիական դրոշը բարձրացնելու պատիվը տրվեց ըմբշամարտի երիտասարդների աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Սանվել Տերտերյանին, ինչպես նաև ըմբշամարտի պատանիների աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ջանես Նազարյանին։
Մարզադպրոցի կրտսեր սաները հնչեցրին սուլիչները՝ ազդարարելով նոր ուսումնական տարվա մեկնարկի սկիզբը։
Հաջողություն մեր մարզիկներին, ուժ ու եռանդ՝ մարզիչներին։ Թող Վաղարշապատի մարզական հաղթական ավանդույթները շարունակվեն։